ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Կոսովո-Արցախ-Դոնբաս տրանզիտ. Դավիթ Կարապետյան

Կոսովո-Արցախ-Դոնբաս տրանզիտ. Դավիթ Կարապետյան
10.09.2022 | 10:43

ՄԱԿ-ի Կանոնադրության 4-րդ հոդվածով հաստատված՝ տարածքային ամբողջականության և ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հռչակագրերում ամրագրված ազգերի ինքնորոշաման սկզբունքների մասին շատերս ենք լսել:
Լսել ենք նաև, որ այս երկու սկզբունքների միջև, մեղմ ասած, կա որոշակի հակասություն։
Լինելով հավասարազոր իրավական սկզբունքներ՝ այդուհանդերձ, վերջիններս իրարամերժ են ու «աշխատում են իրար դեմ»:


Այս երկու սկզբունքների առճակատման արդյունքում չլուծված են դեռևս մի շարք կոնֆլիկտներ, ինչպիսիք են՝ Մերձդնեստրը, Հարավային Օսեթիան, Աբխազիան, Ղրիմը, Քաշմիրը, Թայվանը, Արցախը, Կոսովոն, իսկ այսօր նաև Դոնեցկի ու Լուգանսկի ինքնավար հանրապետությունները:
Այս երկու սկզբունքներով պայմանավորված՝ կոնֆլիկտներում ամեն մի պետություն յուրովի մոտեցում է դրսևորում: Արձագանքելիս կամ պաշտոնական դիրքորոշում հայտնելիս էլ, կամա թե ակամա, շարժվում է երկակի ստանդարտներով:
Այս համատեքստում՝ կոնֆլիկտների մեկնաբանման ու դիրքորոշումների բազմապիսիության հարցում, շատ հետաքրքիր ու տեղին զուգահեռներ կարելի է անցկացնել:
Այսպիսով՝ միջազգային պրակտիկայում ընդունված է համարել, որ այս սկզբունքներից առաջնայնությունը, այնուամենայնիվ, տրվում է տարածքային ամբողջականությանը:
Ոչ մի պետության իշխանություն չի ցանկանա, որ պետական տարածքը մասնատվի, և այդ տարածքում ի հայտ գան նոր անվանումներով ինքնիշխան պետություններ:
Տրամաբանությունը տանում է նրան, որ աշխարհում հարյուրավոր ազգեր ու ցեղեր կան, որոնց ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա՝ անջատվելու ու անկախանալու պարագայում, աշխարհի քաղաքական քարտեզի վրա կարող են առաջանալ բազմաթիվ նոր պետություններ:


Այսպիսի դիրքորոշում ընդամենը մեկ ամիս առաջ, Պուտինի ներկայությամբ, ի լուր աշխարհի բարձրաձայնեց Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը՝ ուղիղ պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ Ղազախստանը չի ճանաչում Դոնեցկի ու Լուգանսկի ինքնավար պետությունները:
Այն պետությունները, որոնք տարածքային առումով մեծ են ու բազմազգ, նրանք առավել ևս մտահոգված են այս հարցում:
Մոնոէթնիկ պետություններում այդպիսի ռիսկը բացակայում է:
Նման խնդրի առաջ են այսօր կանգնած թե՛ Սիրիան, Թուրքիան, Իրաքը ու Իրանը՝ քրդերի հարցում, թե՛ Իսպանիան՝ Կատալոնիայի, թե՛ Հնդկաստանն ու Պակիստանը՝ Քաշմիրի և թե՛ Ադրբեջանը՝ Թալիշների ու Արցախի հարցերում:


Բայց արի ու տես, հեգեմոն պետությունների համար՝ տարբեր կոնֆլիկտներում այս սկզբունքների կիրառելիության ու հայեցակարգի մասով ընկալումը ինդիվիդուալ է, մոտեցումը՝ ըստ ճաշակի ու քմահաճույքի, ըստ նախասիրությունների, շահերի ու դիվիդենտների:
Օրինակ՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի իրացման տեսանկյունից Կոսովոն, կարծես, բացառություն է:
Եթե ցանկացած վերոնշյալ կոնֆլիկտում աշխարհի պետությունները, հատկապես գերտերությունները, արտահայտվում են ի օգուտ տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի՝ ստորադասելով ազգերի ինքնորոշման ոչ պակաս կարևոր իրավական սկզբունքը, ապա՝ Կոսովոյի հարցում պատկերն այլ է:


Այստեղ տեղին է մեջբերել և՛ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունն այն մասին, որ «Ժամանակն է մոռանալ, որ Կոսովոն Սերբիա է», և՛ ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը, որով նա, Կոսովոն բերելով որպես օրինակ, և զուգահեռներ անցկացնելով՝ առաջ քաշեց Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի ինքնորոշման հարցը՝ պատճառաբանելով, որ այնտեղ ևս՝ ազգերի ազատ ինքնորոշման կամարտահայության արդյունքում ու համաժողովրդական հանրաքվեի միջոցով է, որ իրացվել է այդ իրավունքը:
Հետևաբար՝ ինչու՞ պետք է Կոսովոն բացառություն կազմի, իսկ Ղրիմը, Դոնեցկն ու Լուգանսկը՝ ոչ:


Այդ ինչպե՞ս է, որ մի շարք ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, և ոչ միայն նրանք, ճանաչել են Կոսովոն՝ որպես Սերբայից անկախ պետություն, իսկ այլ դեպքերում՝ այն բացառել:
Եվ իրոք՝ Միացյալ Նահանգների կողմից 2008 թվականոն Կոսովոյի անկախության ճանաչումը նախադեպ է ստեղծում նաև Արցախի համար:
Մանավանդ, որ երկու հակամարտությունների միջև ընդհանրությունները շատ ավելին են, քան կարող է թվալ առաջին հայացքից։
Մանավանդ, որ ըստ այն տարիների ամերիկյան վարչակազմի՝ «միայն Կոսովոյի անկախությունն էր, որ կարող էր տարածաշրջանում կայունություն հաստատել»։
Արցախը, ինչպես ինքնավար մարզ էր Սովետական Ադրբեջանի կազմում, այնպես էլ Կոսովոն էր ինքնավար մարզ՝ Սերբիայի Սոցիալիստական Հանրապետության կազմում:
Այդ պետությունները դադարեցին գոյություն ունենալ մայր պետության փլուզումից հետո։
Ինչպես Կոսովոն, Արցախը ևս Ադրբեջանի կողմից իրականացված բռնի էթնիկ զտումների զոհ է եղել։
Արցախը ևս համաժողովրդական հանրաքվեի միջոցով անկախության է հասել և կարողացել է զարգացնել կառավարման սեփական համակարգը՝ տասնամյակների ընթացքում իշխանության խաղաղ և ժողովրդավարական փոխանցում ապահովելով:
Ավելին՝ Պուտինը հաստատակամ հայտարարում է, որ միջազգային իրավունքի այդ սկզբունքը պետք է գործի, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը կայացրել է որոշում՝ համաձայն որի, եթե պետության որևէ տարածքի բնակչություն, սեփական ճակատագիրը որոշելու համար, հանրաքվեի միջոցով ուզում է առանձնանալ և ձեռք բերել անկախություն, ապա այն իրականացնելու համար պարտավոր չէ թույլտվություն վերցնել կենտրոնական իշխանությունից:


Նրանք դրա իրագործման իրավական բոլոր նախադրյալներն ունեն:
Հետևաբար՝ ինչու՞ Կոսովոն բացառություն է և ոչ թե նախադեպ այլ կոնֆլիկտների համատեքստում...
Ի դեպ, սա ասում է մի պետության ղեկավար, ում երկրի տարածքում կա ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա անկախության ձգտող հիսունից ավել ինքնավար սուբյեկտներ, ինչպիսիք են՝ Դաղստանը, Չեչնիան, Օսեթիան, Թաթարստանը, Բաշկիրիան, Բուրիատիան, Ինգուշետիան, Կալմիկիան, Ադիգեան, Խակասիան, Չուվաշիան, Ուդմուրտիան և այլք:
Այսպիսով՝ այն ինչ բարձրաձայնեց ՌԴ նախագահ Պուտինը՝ Ազգերի ինքնորոշման մասին, շատ կարևոր է նաև Արցախի համար:
Գրեթե նույնկերպ մենք պետք է բարձրաձայնենք Արցախի հարցը, և օրինակ բերելով Կոսովոն, դիվանագիտական ճակատում պայքարենք այդ իրավական նորմի կյանքի կոչման համար:
Այնպես, ինչպես Կոսովոն, որի պայքարի արդյունքում 2010 թվականին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը ճանաչեց նրանց իրավունքները։


Փաստ է, որ Արցախի ինքնորոշումը իրականացվել է միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների պահպանմամբ՝ չհակասելով այլ սկզբունքներին:
Փաստ է, որ ՀՀ իշխանությունները դիվանագիտական ճակատում պետք է մատնանշեն ու միջազգային հարթակներում պահանջեն՝ հաշվի առնել և երբեք չստորադասել ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի գերակայությունը:
Փաստ է, որ Արցախն ու Ղրիմը նույն տարբերակով՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա, ռեֆերենդումի միջոցով են անկախացել:
Ուղղակի, եթե Ղրիմի ժողովուրդը նաև ՌԴ-ին միանալու հանրաքվե անցկացրեց ու միացավ, ապա Արցախի հարցում՝ այն չկատարվեց:
Արցախը անկախանալուց հետո մայր Հայաստանին չմիավորվեց:
Ղրիմի սցենարով են հիմա շարժվում Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունները:
Շատ լավ է, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում մասնակից լինելով միջազգային ֆորումին՝ անձամբ լսեց Պուտինից այս կարևորագույն ու խնդրահարույց հարցերի շուրջ նրա մոտեցումները, մեջբերումներն ու պնդումները:
Հետևություններ անելու ու վերջինիս խոսքը՝ որպես գործիք օգտագործելու ու կիրառելու նախադրյալներ ստեղծվեց:


Իհարկե, Պուտինը բազմիցս է մեր իշխանություններին նախատել՝ ասելով, որ դուք ինքներդ չեք ճանաչում Արցախի անկախությունը, ես ինչու՞ եմ պարտավոր այն ճանաչել:
Կամ թե դուք, որպես դաշնակից ու բարեկամ պատրաստակամություն դրսևորեիք ու ճանաչեիք Ղրիմը, Դոնեցկն ու Լուգանսկը, ես էլ՝ որպես պատասխան քայլ, կճանաչեմ Արցախը:
Գուցե, նա մեզանից ակնկալում է հենց այսպիսի արձագանք, առավել ևս՝ գործողություն:
Չի բացառվում...
Բայց, նույնիսկ, նման սցենարի պարագայում՝ նրա կողմից համարժեք պատասխան քայլը բացառվում է:
Ավելի քան վստահ եմ, որ նա որևէ կերպ չի գնա կոնֆրոնտացիայի և Ադրբեջանի ու Թուրքիայի պես գործընկերների հետ հարաբերությունները երբեք չի դնի կասկածի ու խաթարման ռիսկի տակ:


Նրան դա բացարձակ պետք չէ:
Այսպիսով՝ Արցախի հարցում անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունները միջազգային բոլոր հարթակներում բանեցնեն դիվանագիտական ողջ գործիքակազմը՝ պնդելու համար ազգերի ինքնորոշման սկզբունքի, դրա աներկբա գործադրման կարևորությունը:
Առանց այդ սկզբունքը հաշվի առնելու՝ հակամարտության հանգուցալուծումը բացառվում է:
Արցախի պարագայում ինքնորոշման իրավունքն Արցախի ժողովրդի սեփական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքն է, որն երբեք չի կարող վիճարկվել:
Իսկ դրա այլընտրանքը՝ էթնիկ զտումն է...
Ադրբեջանի կողմից ցեղասպանության սպառնալիքի առկայության պայմաններում, անկախությունը՝ Արցախի բնիկ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու միակ տարբերակն է մնում:


Արցախը ինչպես եղել է, այնպես էլ կանգուն մնալու է:
Գոնե հիմա, տեր կանգնենք մեր հայրենիքին:

Դիտվել է՝ 7856

Մեկնաբանություններ